Breaking News
Loading...

Wednesday, September 18, 2013

Համալսարանականները զինվորների կողքին կլինեն


Շուտով կմեկնարկի «Համալսարանականը դիրքապահ զինվորի կողքին» ծրագիրը:
Հասարակություն-բանակ-բուհ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրի առաջարկն այսօր հնչեց ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ արդեն ավանդական դարձած հանդիպման ընթացքում:

Նախաձեռնողը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն է, ով նշեց, որ նմանաբնույթ ծրագրերի վերաբերյալ քննարկումներ բազմիցս են եղել:

«Ծրագրի շրջանակներում համալսարանի այն ուսանողները, ովքեր համապատասխան վերապատրաստումներ կանցնեն ռազմական կրթական հաստատություններում, մեկ օր կանցկացնեն առաջին գծում հերթապահություն իրականացնող զինվորի կողքին, ինչը թույլ կտա ծանոթանալ զինվորի առօրյային»,- ասաց Վահագն Վարագյանը և հավելեց, որ ինչպես ԵՊՀ ուսանողական կառույցները (ՈՒԽ, ՈՒԳԸ, «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբ), այնպես էլ ռեկտոր Արամ Սիմոնյանն աջակցում են ծրագրին, երկուստեք պատրաստակամություն կա, և ծրագրի մեկնարկի համար պահանջվում է միայն նախարարի հանձնարարականը:

Սեյրան Օհանյանն էլ, ողջունելով առաջարկը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանին, աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանին և Արծրուն Հովհաննիսյանին հանձնարարեց հենց վաղվանից սկսել ծրագրի նախապատրաստական աշխատանքները:
«Այս ծրագիրը, անկասկած, ողջունելի է, ուսանողները կարող են մեկ օր փոխարինել իրենց դիրքապահ ընկերներին»,- նշեց նախարարը:

0 մեկնաբանություն:

Post a Comment