Երկու օր է Ազատագրենք հուշարձանն օլիգարխից քաղաքացիական շարժումը ակցիաներ է անցկացնում Երեւանի Փակ շուկայի մոտ: Շուկայի սեփականատերը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նրանց դեմ է հանել իր «շրջապատն» ու կանանց, ովքեր իրենց մարտունակությունը ցուցադրել են նախորդ բոլոր մակարդակների ընտրություններին: Երեկ կանայք նույնիսկ ցնծում էին, որ իրենք հաղթել են:
Այս ֆոնին, հատկանշական էր Երեւանի քաղաքապետարանի եւ Մշակույթի նախարարության (այսինքն, երկու պետական գերատեսչություն, որոնք պատասխանատու են այս հարցում) ներկայացուցիչների եւ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետի հայտարարությունը, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Փակ շուկայի շուրջ, դուրս է օրենքից, օրենքի ակնհայտ խախտում է, եւ իրենք անզոր են եղել որեւէ բան անել: Փաստացի, այս պաշտոնյաները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել մամուլով:
Ըստ օրենքի, Հայաստանի իրավապահները՝ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը պարտավոր են ընթացք տալ այս հաղորդմանը, մանավանդ որ դրա հեղինակները իրավասու պետական մարմինների պաշտոնյաներ են: Պետք է հարուցվի քրեական գործ, իսկ գլխավոր դատախազը պետք է մտնի խորհրդարան՝ ԱԺ պատգամավորին անձենմխելիությունից զրկելու հարցով:
Արդյոք ոստիկանապետ Վովա Գասպարյանը եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընթացք կտան այս հաղորդմանը:
Աղվան Հովսեփյանին մնացել է մի քանի օր, երբ կավարտվի նրա լիազորությունների ժամկետը, եւ նրա հարցով «խորհրդարան կմտնեն» ուրիշները: Բացի այդ, նա Նիգ-Ապարան հայրենակցական միության պատվավոր նախագահն է, իսկ նախագահն ու հիմնական դոնորը նույն Սամվել Ալեքսանյանն է:
Ինչ վերաբերում է Վովա Գասպարյանին, ապա նրա դեպքում ամեն ինչ պարզ է՝ պետք է լինի հրաման վերեւից: Բանն այն է, որ նույն Սամվել Ալեքսանյանը նաեւ իշխանության հիմնական «դոնորներից» է:
Այստեղ մեկ այլ հանգամանք էլ կա՝ Սամվել Ալեքսանյանը «պաշտոնապես» հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի, եւ ամբողջը նրա կնոջ սեփականությունն է ու բիզնեսը: Եւ երեւի իրավապահներին ժամանակ է պետք՝ պարզելու, թե ով է խախտել օրենքը՝ Սամվել Ալեքսանյա՞նը, թե իր կինը:
Աղբյուրը`www.lragir.am
Աղբյուրը`www.lragir.am
0 մեկնաբանություն:
Post a Comment