Breaking News
Loading...

Monday, September 2, 2013

40 հայ զոհ Սիրիայում


Սիրիայի ճգնաժամի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 110 հազարը. AFP-ի փոխանցմամբ այսպիսին են Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական գրասենյակի տվյալները:
Այս թիվը գոյացել է Դամասկոսի մոտ անցած շաբաթվա գազային հարձակումից հետո, որին տարբեր գնահատականներով մոտ երկու հազար մարդ է զոհվել: Իսկ ընդհանուր թիվը` 110,371, հակամարտության 29 ամիսների կտրվածքով է: Ըստ խորհրդի` զոհերից 40,146-ը քաղաքացիական անձինք են, 4,000-ը՝ կին, 5,800-ը` երեխա: Ապստամբների շրջանում զոհերի թիվը կազմել է 21,850 մարդ: Կառավարական ուժերի կորուստները` 27,654 զինվոր, 17,824 կառավարամետ զինյալներ ու  «Հեզբոլա» շարժման 171 անդամ: Զոհերի թվում կան նաև 2,726 ինքնությունն անհայտ անձինք: Սիրիայի հակամարտությանը զոհ գնացած հայերի թիվը գերազանցում է քառասունը: Նրանք հիմնականում Հալեպ քաղաքից են:
Արաբական պետությունների լիգան կիրակի օրը կոչ է արել մնացած երկրներին գործողություններ իրականացնել Սիրիայի իշխանությունների «այլանդակ հանցագործությունների» դեմ: Կոնֆլիկտի սկզբին Լիգայի ներկայացուցիչները ավելի զգուշորեն էին արտահայտվում. նրանք ընդամենը խնդրում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգնությունը սիրիական կոնֆլիկտում «ներքին տարաձայնությունները հաղթահարելու» համար՝ «հենվելով ՄԱԿ-ի վրա որպես միջազգային իրավունքի երաշխավորի»: Կիրակի օրը սիրիական ընդդիմությունը պահանջել է Արաբական պետությունների լիգայի աջակցությունը: Դրան ի պատասխան՝ Լիգան կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կատարել միջազգային իրավունքի գերակայության պահպանության իրենց պարտականությունները և «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ» սիրիական կառավարության դեմ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ այս հայտարարությունը դիտում են որպես «կարևոր առաջընթաց»:
Արաբական պետությունների լիգայի 140-րդ նստաշրջանի արդյունքում մասնակից երկրներից ոչ ոք չի ստացել Սիրիային հավանական հարված հասցնելու մանդատ: Այս մասին Կահիրեում ասել է համաարաբական կազմակերպության ղեկավարի մամլո քարտուղար Նասիֆ Խաթթին: Ըստ նրա, Լիգայի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ համապատասխանում է միջազգային իրավունքին: Խաթթին ընդգծել է, որ Լիգան կվստահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպես միջազգային օրինականության երաշխավորի:
Սաուդյան Արաբիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սաուդ ալ-Ֆեյսալը արաբական պետություններին կոչ է արել աջակցել Սիրիայում Բաշար Ասադի դեմ պայքարող ընդդիմությանը: Համապատասխան կոչը հնչել է Կահիրեում ընթացող Արաբական պետությունների լիգայի նիստի ժամանակ: Ըստ Սաուդ ալ-Ֆեյսալի, միջազգային համագործակցությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի դադարեցնի ագրեսիան սիրիական ժողովրդի նկատմամբ: ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ ռազմական միջամտության դեպքում նրանք կաջակցեն ԱՄՆ-ին, եթե դա համապատասխանի սիրիական ժողովրդի պահանջներին:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը չունի իրավունք Սիրիայի վրա հարձակում կատարելուն հավանություն տալու համար: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Ըստ նրա, միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է հատուկ դեպքերում հավանություն տալ նման գործողություններին: Զարիֆը նաև նշել է, որ Օբաման չի կարող միջազգային օրենքները փոխել այնպես, ինչպես նա ցանկանում է: Ըստ իրանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի, Օբաման առաջիկա մի քանի օրերին պետք է մտածի ռազմական գործողությունների հետևանքների մասին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն կողմերին կոչ էր արել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար քաղաքական ուղիներ գտնել:
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Twitter-ի իր էջում կարծիք է հայտնել՝ ասելով, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում հայտնաբերված զարինը կարող էին կիրառել ապստամբները: Իր գրառման մեջ Պուշկովն ասել է. «զարինի հետքերը, որ հայտնաբերվել են Դամասկոսի արվարձանում, ոչինչ չեն ապացուցում: Այն կարող էին կիրառել ապստամբները: Դա հասկանալու համար պետք չէ Այնշտեյնը լինել»:
Ոստիկանության տվյալներով՝ շուրջ 120 ցուցարարներ կիրակի Սիրիա հնարավոր ներխուժման դեմ բողոքի ցույց են կազմակերպել Բրյուսելում Ֆրանսիայի դեսպանության առջև: Նմանօրինակ ցույց կազմակերպվել էր անցյալ հինգշաբթի Բելգիայի մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանության առջև: «Օլանդ, հեռացիր, Սիրիան քեզ չի պատկանում» գոչյուններով ցույցի մասնակիցները, որոնց թվում են եղել Սիրիայի, Բելգիայի և այլ երկրների քաղաքացիներ, իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ ցանկացած արևմտյան ներխուժման, որն ի զորու չէ լուծել Սիրիայի ժողովրդի խնդիրները:

0 մեկնաբանություն:

Post a Comment