Breaking News
Loading...

Saturday, June 22, 2013

Red Eagles

Դենիս Սարգսյան.ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՆԵՐՔԱՇԵԼ ԻՆՉ-ՈՐ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԽԱՂԵՐԻ ՄԵՋ

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի՝ դեպի «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին խոսակցություններն, այս օրերին, ամենաքննարկվող թեման են Հայաստանում: Տրանսֆերի շուրջ աղմուկն անցել է ողջամտության սահմանները և այն աստիճանաբար քաղաքականացվում է:

Մասնավորապես, facebook-ում հանդես է բերվել նախաձեռնություն` «Բողոքի ակցիա՝ ի պաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ՀՖՖ-ի դիմաց», որի հեղինակը «Chem Tsaxvum» անվամբ օգտատերն է:

Ուշագրավ է այս նախաձեռնության շրջանակում արված հայտարարության վերջին հատվածը, որում ասված է. «FAF և Red Eagles ֆան-ակումբները ծպտուն չեն հանել այս դեպքի հետ կապված, մի անգամ ակնարկ էլ չեն արել խայտառակ իրավիճակի վերաբերյալ ))

Դիմում եմ այդ շարժումների անդամների՝ ոչ ծախու մարդկանց. Դուք կարող եք, նույնիսկ պարտավոր եք՝ մասնակցել երկուշաբթի օրվա բողոքի ակցիային»: (Միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել արդեն մոտ 400 օգտատերեր):

Armsport.am-ը զրուցեց Red Eagles-ի հիմնադիր Դենիս Սարգսյանի հետ:

- Ձեզ հայտնի՞ է, թե ովքեր են կազմակերպում այս ակիցան:


- Մենք ստույգ տեղեկություն չունենք: Կան որոշ ենթադրություններ, որ կազմակերպիչներն ընդդիմադիր քաղաքական ուժ են ներկայացնում, բայց քանի որ նրանք պաշտոնապես հանդես չեն եկել հայտարարությամբ, ես չեմ կարող առաջնորդվել միայն ենթադրություններով:

- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք հայտարարության այն հատվածը, որը վերաբերում է ֆան-ակումբներին:

-Հետաքրքիր է, որ սեփական անունը թաքցնող անձը համարձակվում է պիտակավորել Հայաստանի հավաքականի հարյուրավոր ակտիվ երկրպագուների և պարտադրում է նրանց՝ մասնակցել մի միջոցառման, որի կազմակերպչի անունն է` «Chem Tsaxvum»: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ցանկանում են հավաքականի երկրպագուներին, Հենրիխի տաղանդի սիրահարներին ներքաշել ինչ-որ անհասկանալի խաղերի մեջ: Հակառակ դեպքում, իմաստը ո՞րն է՝ թաքնվել «Chem Tsaxvum» անվան տակ: Եթե չես ծախվում, եթե քո գործն արդար է, ապա բարի եղիր՝ հանդես գալ քո իրական անունով: Ինձ թվում է, որ եթե կազմակերպիչներն, իրոք, տեղյակ լինեին հայկական ֆուտբոլի անցուդարձից, ապա չէին համարձակի նման անպատասխանատու հայտարարություն անել ֆան-ակումբների հասցեին: Թե՜ FAF-ը, թե՜ Red Eagles-ը՝ մեծ ջանքեր են թափում հավաքականի խաղերին նախապատրաստվելու համար, մի քանի անքուն գիշերերներ են անցկացնում, իսկ ինչ-որ անհայտ անձ, facebook-ում բացված ֆեյքով ցանկանում է արատավորել մեր բարի համբավը…

Բոլորս էլ անհամբեր սպասում ենք Մխիթարյանի տրանսֆերին առնչվող նորություններին, բոլորս էլ մեծ ցանկություն ունենք, որ նա տեղափոխվի «Լիվերպուլ», սակայն մեզանից ոչ ոք չի զրուցել Հենրիխի հետ, տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իրականում: Համաշխարհային ֆուտբոլում քիչ չեն դեպքերը, երբ հայտնի ֆուտբոլիստի տրանսֆերը ձգձգվում է: Ահա, բրազիլացի Նեյմարի դեպքը: Շուրջ 2 տարի խոսվում էր, որ Նեյմարը հեռանում է, Նեյմարն արդեն պայմանագիր է կնքել այս կամ այն թիմի հետ, բայց գործարքը կայացավ միայն այս տարի: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Մխիթարյանին և գտնում ենք, որ նա կընտրի իր համար լավագույն ճանապարհը, քանի որ նա բավական խելացի և բարձր ինտելեկտ ունեցող խաղացող է:

0 մեկնաբանություն:

Post a Comment